ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2021 թվականի օլիմպիական խաղերում, ծրագրում ընդգրկված մարզձևերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին դրամական մրցանակներ կշնորհի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակից։
Մրցանակները կտրվեն նաև ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքականների երկրորդ մարզիչներին և բժիշկներին։
Նշենք, որ մրցանակներ են տրվելու նաև օլիմպիական խաղերում չընդգրկված ըմբշամարտ և շախմատ մարզաձևերի մարզիկներին։
Հիշեցնենք` 32-րդ ամառային օլիմպիական խաղերն անցկացվեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում էր 17 մարզիկ 8 մարզաձևում:
Հայաստանի օլիմպիական հավաքականը ավարտեց իր ելույթները չորս մեդալով։ Ունեցանք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։