ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մտահոգում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությունը: Այս մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` «Союзники. ОДКБ» պարբերականին տված հարցազրույցում խոսելով անցնող տարում կառույցի պատասխանատվության գոտում ռիսկերի և սպառնալիքների մասին։
«Հասկանալի պատճառներով` մեզ առաջին հերթին մտահոգում է ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին ճգնաժամային երևույթների աճը։ Իհարկե, դա Աֆղանստանի տարածքից եկող մարտահրավերներն ու սպառնալիքներմ են, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ռուսաստանի և Բելառուսի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշում գործադրելը, եվրոպական երկրների փորձերի ակտիվացումը` ճնշել այլ պետություններին, Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը»,-ասել է Զասը։
Նրա խոսքով` կազմակերպությունում ուշադրությամբ հետևում են Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ է վերադարձել Երևանից, որտեղ ստեղծված իրավիճակը հանգամանորեն քննարկել է Հայաստանի ղեկավարության հետ:
«Բարձր եմ գնահատում Լեռնային Ղարաբաղում շատ կարևոր խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը, կողմերի համաձայնությամբ, փաստացի միջնորդի դեր է ստանձնել անցյալ տարի բռնկված արյունահեղ պատերազմի հետևանքների կարգավորման հարցում: Ռուսաստանի այդ ջանքերը թույլ են տվել դադարեցնել մարտական գործողությունները, պահպանել մեծ թվով կյանքեր, սեղմ ժամկետներում վերականգնել մարտական գործողություններից տուժած շրջանները, նրանց բնակիչներին ապահովել սննդով, հագուստով և դեղորայքով»,-նշել է պաշտոնյան։
ՀԱՊԿ-ում համոզված են, որ սահմանային տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Կազմակերպությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ առկա մտադրություններին երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ՝ դրան հաջորդող սահմանագծմամբ, ընդգծել է Զասը:
Նա իր աջակցությունն է հայտնել իրավիճակի քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերին։ Կազմակերպությունը դա միակ ելքն է համարում։