44-օրյա պատերազմը փոխեց բարձրավանցի երիտասարդների` բնակավայրը լքելու երբեմնի պլանները։ Մինչ այդ բնակավայրի հատկապես երիտասարդ ընտանիքները մտածում էին հեռանալ իրենց անշուք տներից և երեխաների համար լուսավոր ու հարմարավետ միջավայրում հաստատվել, բայց 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո հասկացան` եթե զինվորը չի լքել սահմանը, իրենք պարզապես իրավունք չունեն թողնել Բարձրավանի իրենց հայրական օջախները։
«Մինչև պատերազմը մտածում էինք, որ գյուղում ապագա չկա, որ եթե մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվել, պետք է գնանք այստեղից, որ գոնե մեր երեխաների մոտ ստացվի, իսկ պատերազմից հետո գյուղի ջահելները, ջահել ընտանիքները որոշեցին, որ ոչ, եթե մեր զինվորը կանգնել է, սահման է պահել, մենք էլ պետք է կանգնենք այստեղ, մեր բաժին սահմանը պահենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բարձրավանի նախակրթարանի դաստիարակ Աննա Մարտիրոսյանը։
Ու, որպեսզի երեխաների առօրյան փոքր-ինչ գունավոր ու հետաքրքիր դարձնեն, երիտասարդ մայրիկները որոշել են դիմել Գորիսի համայնքապետարան, որ Բարձրավանում նախակրթարան հիմնեն։
Համայնքապետարանի որոշմամբ` բնակավայրի վարչական ղեկավարի նախկին աշխատասենյակը վերածվել է տաքուկ ու հարմարավետ նախակրթարանի, որտեղ այժմ հաճախում է 7 երեխա։ Սաներից մեկը այստեղ է գալիս հարևան Շուռնուխից, 6-ը Բարձրավանից են։
Նախակրթարանում երեխաներն անցկացնում են 3-4 ժամ. մարզվում են, սովորում ու տարաբնույթ խաղեր խաղում։
Նշենք, որ Բարձրավանը Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերից է։
Նոյեմբերի 10-ից սկսած, երբ Գորիս –Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրվեց, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում Բարձրավանը, հայտնվեցին շրջափակման մեջ։ Որոշ ժամանակ անց կառուցվեց այլընտրանքային Տաթև-Տանձավեր ճանապարհը, որը Բարձրավանը, Շուռնուխն ու Որոտանը կապում է Կապանին։