Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կբերի ինքնիշխանության կորստի. ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ. Արխիվային լուսանկար
ՀՅԴ Բյուրոն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում ՀՀ իշխանություններին որոշ պահանջներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների և Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության պաշտոնական էջը։
Նշվում է, որ պետք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթե ՀՀ իշխանությունները փորձ անեն հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման ներկա դիրքորոշմամբ զարգացնել հայ-թուրքական՝ թշնամու կողմից պարտադրված օրակարգը։
Հայ-թուրքական բանակցություններն անհաջողության են դատապարտված. Սաֆրաստյանն ասաց` ինչու
Արձանագրվում է, որ պաշտոնական Անկարան ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հայտնի երեք նախապայմաններից (Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայություն Ադրբեջանին և Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրում), այլև ավելացրել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է և խիստ վտանգավոր։ Ներկա պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական ու հոգևոր-մշակութային բազմաթիվ մարտահրավերներով ու անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետեւանքների ու ինքնիշխանության կորստի»,– նշում են ՀՅԴ Բյուրոյից։

Ընդգծվում է, որ Հայաստանի կողմից հատուկ բանագնացի ընտրությունն էլ հուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էության մասնակցում է արդեն իսկ կանխորոշված մի գործընթացի, որի հնարավորինս հայանպաստ վերջնարդյունքի ապահովման համար պրոֆեսիոնալ դիվանագետի ընտրության կարիք չի զգացվում։
Կառույցը ՀՀ իշխանություններին որոշ պահանջներ է ներկայացրել` քողազերծել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղենիշները, մերժել թուրքական նախապայմանները, քաղաքական շեշտադրում անել առ այն, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է կապակցված լինել որևէ 3-րդ կողմի հետ։
«Հարաբերությունները կարող են կարգավորվել միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախոհությամբ»,– հայտնում են ՀՅԴ Բյուրոյից։
ԱՄՆ-ի հայ համայնքի հիմքը փլուզման եզրին է․ Էրդողանի մամուլի քարտուղար
Հիշեցնենք, որ հարաբերությունների կարգավորման հարցերով հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմը` ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Նշենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։