Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում

Թուրքիայի արտգործնախարարը կրկին խոսել է Ստամբուլ–Երևան առաջին չվերթի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների` հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Անկարան ու Երևանը կհստակեցնեն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը։ Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմնակից ենք Հայաստանի հետ առանց միջնորդների անմիջական շփումների», - ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
Նախարարը նաև հայտնել է, որ Ստամբուլ–Երևան առաջին չվերթը տեղի կունենա առաջիկա օրերին:
Երևան-Ստամբուլ չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել «Flyone Armenia»-ն․ ՏԿԵՆ
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։