ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր բռնկված հրդեհից հետո 40 բնակչի են տարհանել։ Տեղեկությունը հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ այրվել են շենքի տանիքի կառուցատարրերը (մոտ 10 քմ), 8-րդ հարկի բնակարաններից մեկը (մոտ 40 քմ)՝ գույքով, հարակից երկու բնակարանների պատշգամբները (6 քմ)՝ գույքով։
Հիշեցնենք, որ դեպքի մասին ահազանգը եղել է դեկտեմբերի 27-ին, ժամը 06։12-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին: