ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների պատմամշակութային առնչությունների և ընդհանուր հոգևոր արժեքների վրա հիմնված հայ և հույն ժողովուրդների միջև միջպետական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ»,– ասված է հեռագրում։
Հիշեցնենք` Պապուլիասի մահվան մասին հայտնի դարձավ երեկ։ Նա Հունաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005–2015թթ.–ին։ Պապուլիասը կյանքից հեռացել է 92 տարեկանում։