ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցում է այսօր մեկնարկած արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնությանը:
Հայ շախմատիստն առաջին անգամ Հայաստանը չի ներկայացնում, նա ՖԻԴԵ-ի կազմակերպած մրցաշարում հանդես է գալիս ամերիկյան դրոշի ներքո: Արոնյանի առաջին մրցակիցը իրանցի Մագսուդլուն է։
Արոնյանն ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ներկայացնում է այս տարվա դեկտեմբերի 1-ից:
Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնելու են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը: Եվս երկու շախմատիստներ ՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, կմասնակցեն մրցաշարին սեփական միջոցներով։
Վարշավայում անցկացվող արագ և բլից շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար:
Դեկտեմբերի 26-28 - ը տեղի կունենա արագ շախմատի, իսկ 29-30-ը՝ կայծակնային շախմատի (բլից) մրցաշարերը: