Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» երգչախմբի և Սրետենյան վանքի երգչախմբի համերգը։
Մինչ այդ Սրետենսյան երգչախումբը ելույթ ունեցավ «Զինվորի տանը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ այնտեղ վերականգնողական բուժում ստացող զինծառայողների համար։
«Մեզ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել։ Այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարի առաջ, ողբերգություն է ազգի համար։ Եվ մենք՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես դաշնակից, որպես եղբայրական ժողովուրդ, փորձում ենք անել ամեն ինչ, որ դա չկրկնվի: Դա հեշտ չէ, դա պահանջում է քաղաքական խիզախություն, իմաստություն բոլորից։ Մենք աշխատում ենք մեր հայ դաշնակիցների հետ, որ նախ ապահովենք երկրի անվտանգությունը, երկրորդը՝ պայմաններ ստեղծենք, որ ողբերգական իրադարձությունների կրկնությունն անհնար լինի»,- ասել է միջոցառմանը ներկա Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ «Զինվորի տանը» հասկանում են խաղաղության և անվտանգության գինը: Սերգեյ Կոպիրկինը խորհրդանշական է համարել Սրետենյան վանքի երգչախմբի ելույթը: Նրա խոսքով՝ ֆիզիկական վերականգնումից բացի որոշակի դեր ունի «հոգևոր ամրոցի» գործոնը։
Ռուսաստանի դեսպանը շնորհավորել է հայ զինծառայողներին գալիք տոների առիթով՝ մաղթելով շուտափույթ վերականգնում: