ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրում վրաերթի է ենթարկվել 43-ամյա մի տղամարդ, բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան. ժամը 21:00-ի սահմաններում, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրամվա (հարցականով), ծոծորակի շրջանի գեմատոմա, ծնկի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 43-ամյա Արսեն Պ.-ն է, որն ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են նաև, որ նա վրաերթի է ենթարկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում: Վրաերթը կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Արմավիրի մարզի բնակիչ, 64-ամյա Սուրիկ Ա.-ին:
Նրա տան բակում հայտնաբերվել է ՌԱՖ մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Կասկածյալը եղել է ոչ սթափ։