ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց ՀՀ–ում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին։ Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայտնել ենք, որ քիչ առաջ Սարգսյանը երդմամբ ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը։
«Ես ինքս ժամանակին եղել եմ Երևանի քաղաքապետի թեկնածու և պատկերացնում եմ, թե ինչ բարձր պատիվ է լինել Երևանի ղեկավար։ Ուզում եմ շնորհավորել Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է»,–ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց` զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևանում, կյանքի են կոչվել քաղաքական որոշումների արդյունքում։
Վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին։
2018 թվականից ի վեր շուրջ 50 միլիարդ դրամի ֆինանսական հատկացումներ են արել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին։ Նա Երևանի քաղաքապետ էր դարձել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
Ինչ վերաբերում է նորընտիր քաղաքապետին` Հրաչյա Սարգսյանին, ապա նա մինչ այս զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Սարգսյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում։