Covid-ի չափ վտանգավոր է. գլխավոր մանկաբույժը՝ ՀՀ–ում մոլեգնող վարակի ախտանշանների մասին

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյան
Հայաստանում սուր շնչառական վարակների բռնկումը լրջորեն անհանգստացնում է բժիշկներին։ Մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկների օգնությանը։
Sputnik
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում շրջանառվող գրիպի շտամի ու ախտանշանների մասին և ասել, թե ինչպես կարելի է տոնական օրերին երեխաներին հեռու պահել վարակներից։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում:
- Հիմա բավականին ծանր իրավիճակ է, ինչը պայմանավորված է նաև երեխաների շրջանում սուր շնչառական վարակների լայն տարածմամբ: Առավել ակտիվ են A (H3N2) տեսակի, ավելի քիչ` B տեսակի վիրուսները:
Գրիպի համաճարակի բռնկումը կապված է այն բանի հետ, որ 2020 թվականին հիվանդացության մակարդակը բավական ցածր է եղել, վառ արտահայտված բռնկում չի եղել: Բացի այդ, 2020 թվականի ձմեռվանից առավել ակտիվ էին անցկացվում հակահամաճարակային միջոցառումները. կարանտին էր սահմանվել, գարնանն ու աշնանը փակվել էին դպրոցները, ավելի շատ էր ուշադրություն դարձվում դիմակ դնելուն։
Սուր շնչառական վարակներով պացիենտների մեծ մասը 0-18 տարեկան երեխաներ են․ ՀՎԿԱԿ տվյալները
Այս ամենը հանգեցրեց նրան, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ստանդարտ համաճարակաբանական կորերը որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ Այդ պատճառով էլ 2021թ․-ի ամռանը մենք բավականին հետաքրքիր պատկեր էինք տեսնում․ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, աճեց շնչառական սինցիտիալ վիրուսային վարակման դեպքերի թիվը, որը հանդիսանում է վաղ հասակի հիմնական կատեգորիաներից մեկը։ Մինչև օրս նման պատկեր չէր եղել, քանի որ սովորաբար վարակն ակտիվորեն տարածվում է աշնանը, ձմռանն ու գարնանը:
Հայաստանում գրիպով հիվանդացության ցուցանիշները կրկնում են համաշխարհային ցուցանիշները։ Ենթադրում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում գրիպի տարածման տեմպերը կսկսեն նվազել։ Այժմ հիվանդացության մակարդակը բավականին բարձր է, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում հոսպիտալային և ամբուլատոր հիմնարկների համար:
-Գրիպով հիվանդացության՝ վերջին 10 տարվա ցուցանիշը գերազանցե՞լ ենք։ Ո՞րն է այդ շտամի առանձնահատկությունը։
-Վերջին տասը տարում գրիպով հիվանդացության առավել բարձր ցուցանիշներ են արձանագրվել 2016 թվականի հունվարին։ Այն ժամանակ երկրում շրջանառվում էր H1N1 շտամը, 2016 թվականի հունվարի երկրորդ կեսին դպրոցները փակվեցին։ Այդ շրջանում նույնիսկ ընդունարաններում կանգնելու տեղ չկար, էլ չենք խոսում հիվանդասենյակների մասին։ Բայց մենք հաղթահարեցինք։ Միայն մեկ երեխա մահացավ, բայց ոչ գրիպի հետևանքով. առանցքային դեր էին խաղացել ուղեկցող հիվանդությունները։
Առհասարակ հիվանդացության մակարդակը կախված է մեկ հանգամանքից` հասարակությունը նախորդ տարիներին բախվել է տվյալ շտամին, թե ոչ։ Հիմա հիվանդության տարածվածությունը միջինից բարձր է։
Տվյալ շտամը բարձր ջերմություն է առաջացնում՝ 39 աստիճան և ավելի, մի քանի օր բարձր է մնում։ Երեխաների մոտ երբեմն ուղեկցվում է ականջաբորբով (միջին ականջի բորբոքում), հազվադեպ՝ թոքաբորբով։ Ամենաշատը դրանից տուժում են մինչև 1 տարեկան երեխաները։ Բայց դեռահասների մոտ ևս ջերմությունը բավականին բարձր է լինում։
Քանի՞ մարդ է Հայաստանում COVID-19-ի դեմ բուստերային պատվաստում ստացել. ԱՆ տվյալները
- Գրիպի դեմ պատվաստումները արդյունավե՞տ են այս վիրուսի դեմ պայքարում։
- Պատվաստումները, բնականաբար, արդյունավետ են։ Դրանք նպատակահարմար է անել աշնանը, քանի որ իմունիտետի լիարժեք ձևավորման համար ժամանակ է պետք: Սակայն հիմա էլ ուշ չէ, երբ երկիրը համաճարակի թեժ շրջանում է գտնվում։
-Ինչպիսի՞ն է Covid-19-ով պայմանավորված իրավիճակը երեխաների շրջանում։
-Ի տարբերություն նախորդ ամիսների՝ հոսպիտալացումների թիվը նվազել է։ Վիճակագրության համաձայն՝ երեխաները Covid-ի հաստատված դեպքերի մոտ 5 տոկոսն էին կազմում, հոսպիտալացվում էր յուրաքանչյուր 10-րդը։ Հիմա իրավիճակը փոխվել է, մեր հիվանդանոցում քովիդային մոդուլը դատարկ է։
Բայց թե ինչ կլինի հետո, հայտնի չէ։ Տեղեկություններ կան, որ «Օմիկրոնը» բարձր հիվանդացության է հանգեցնում երեխաների շրջանում։ Մենք դա հաշվի ենք առնում, և քանի դեռ երկրում այդ շտամը չկա, կանխատեսումներ անել չենք կարող։ Ներկայումս խորհուրդ ենք տալիս շարունակել հետևել հակահամաճարակային կանոններին։
Ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանում պատվաստման բարձր տեմպեր են գրանցվել աշնանը։ Հետևաբար բավական մեծ շերտի մոտ «քովիդների» նկատմամբ իմունային տիտրերը դեռևս բարձր են: Դա այս կամ այն չափով ազդում է կորոնավիրուսի տարածման վրա։
-Հայաստանում գրանցվե՞լ են դեպքեր, երբ գրիպը զուգորդվել է Covid-ով։
-Այս պահին նման դեպքերի մասին տեղեկություններ չկան, բայց պոպուլյացիան չի բացառվում։ Հայտնի է, որ երեխաներն ավելի ծանր են տանում գրիպը, քան կորոնավիրուսը։ Սակայն Covid–ն առայժմ գրիպի ընթացքի վրա չի ազդում։
- Ինչպե՞ս է ընթանում երեխաների շրջանում պատվաստումը:
- Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը կամավոր հիմունքներով ստացել են 12-18 տարեկան շուրջ 1000 երեխաներ: Երեխաներին պատվաստում են «Moderna»–ի դեղամիջոցով։ Կողմնակի ազդեցությունների որևէ լուրջ դեպք չի գրանցվել:
- Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին սուր շնչառական վարակներից և Covid-19-ից։
- Նոր տարին միշտ ազդում է համաճարակի ընթացքի վրա։ Առաջին հերթին պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները, հիվանդ վիճակում միմյանց հյուր չգնալ։
ՀՀ–ում AstraZeneca և Moderna–ի պատվաստանյութերի խմբաքանակ է խոտանվել. հայտնի է պատճառը