Վեճ, ավտովթար, կրակոցներ. Այգեզարդում մեծ «բոլոլա» է եղել, կան վիրավորներ

Արխիվային լուսանկար
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այգեզարդ գյուղում վիճաբանությանը հաջորդել է ավտովթարը, ապա հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ և «գանգուղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ծեծկռտուք և կրակոցներ «Պալաս» առևտրի կենտրոնի մոտ. մասնակիցներից 3–ը հարազատ եղբայրներ են
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ, 47-ամյա Ռուստամ Խ-ն և 28-ամյա Դավիթ Ղ-ն են։
Ձեռնարկված անհրաժեշտ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում, Այգեզարդ գյուղի Շահումյան փողոցում հայհոյանքներ տալու պատճառով նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խոդեդա Ա-ն վիճաբանել է Ռուստամ Խ-ի հետ։ Հեռանալով վճաբանության վայրից՝ Ռուստամ Խ-ն իր վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենայով նույն գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում բախվել է Խոդեդա Ա-ի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Ա-ի վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է սկսվել, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Սպանություն Երևանում. վիճաբանության պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել
Այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Ռուստամ Խ-ն իր մոտ եղած որսորդական հրացանն ուղղել է Արթուր Ա-ի ուղղությամբ, սակայն վերջինս ձեռքով իրենից շեղել է հրացանը։ Այդ ժամանակ Ռուստամ Խ-ն կրակոց է արձակել, որից հետո Արթուր Ա-ն խլել է հրացանը և խզակոթով հարվածել Ռուստամ Խ-ի գլխին։
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է ստացել Դավիթ Ղ-ն, որը փորձել է հանդարտեցնել կողմերին։
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են
Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արթուր Ա-ին և Խոդեդա Ա-ին, որտեղից էլ վերջիններս ներկայացել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։