ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարին արված հայտարարությանը, թե իր «թողած ժառանգությամբ Արցախը պետք է մնար հայկական»։
«Ես շատ զարմացա՝ տեսնելով այդ հայտարարությունը, քանի որ այն ուղիղ մեջբերում է 1997 թվականին Լևոն Տեր֊Պետրոսյանի գրված «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից։
Բացի այդ, Սերժ Սարգսյանը ասում է՝ Արցախը պետք է լիներ հայկական, բայց այդպես չէ։ Համաձայն վարած բանակցությունների՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեր թե հայ, թե ադրբեջանցի բնակչություն, օրենսդիր իշխանությունում պետք է լինեին թե հայկական, թե ադրբեջանական քվոտաներ», ֊ ասաց Փաշինյանը տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ։
Նա կրկնեց իր բազմիցս ասածը, որ նախորդ իշխանությունները «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս մնալու» շանս չեն թողել։
Փաշինյանի խոսքով՝ փաստացի այդ հայտարարությամբ Սարգսյանը մեղադրում է իրեն, քանի որ ինքը նախագահի բանակցածը չի շարունակել։
«Ապրիլյան պատերազմը կարելի էր կանխել, ինչպես և սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմը կարելի էր կանխել ցավալի զիջումներով։ Ես ինձ չեմ ուզում արդարացնել, ինձ արդարացում չկա, բայց երբ բանակը զեկուցում է, որ ոչ մի քայլ հետ չենք կանգնելու, ես գա՞մ ասեմ՝ ժողովուրդ ջան, պետք է հանձնենք։ Բանակից այդ ժամանակ կգային կասեին՝ մենք նման բան ենք ասել վարչապետին, էս ինչ է անում։ Հիմա հետահայաց կարող ենք նայել, մեղադրել ինձ, բայց այդ նույն մեղադրանքը 2016-ի պատերազմի մասին էլ է, այդ պատերազմից էլ էր կարելի խուսափել», ֊ ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։