ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Վերջին 4 շաբաթների ընթացքում լաբորատոր հաստատվել է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք, որից 30-ը՝ հղիների շրջանում։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն կա` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։
Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։
«Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 2․2 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։ Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է՝ մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Բացի այդ, պետք է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, իսկ եթե հիվանդ եք՝ անհրաժեշտ է մնալ տանը։ Միաժամանակ, գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար չպետք է օգտագործել հակաբիոտիկներ։