ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի շախմատային ֆեդերացիան առաջնությանը կգործուղի 9 շախմատիստի՝ Գաբրիել Սարգսյանին, Շանթ Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Մանուէլ Պետրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին և Սուսաննա Գաբոյանին: Եվս երկու գրոսմայստեր՝ Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը, առաջնությանը կմասնակցեն իրենց միջոցներով:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը լիահույս է՝ Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես կգան տարեվերջյան ստուգատեսում, որին աշխարհի ուժեղագույն շախմատիստներն են մասնակցելու։
«Դժվար է ասել՝ լավագույն եռյակում տեղ կզբաղեցնենք, թե ոչ։ Ամեն դեպքում հուսով եմ՝ մեր շախմատիստները հաջող ելույթներ կունենան»,– ասել է Գևորգյանը:
Վարպետների մրցաշարերին Հայաստանից մասնակցել են Շանթ Սարգսյանն ու Տիգրան Հարությունյանը։ Մրցաշարը միայն 24 ուժեղ գրոսմայստերների համար հրավերով էր։
Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները: