ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Թուրքիային է արտահանձնել Մոլդովայի քաղաքացի Իլյա Սակալիին, որը կողոպտել է Էսքիշեհիր քաղաքի (Թուրքիա) տներից մեկը: Տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Միջադեպը, ըստ թուրք իրավապահների, տեղի է ունեցել 2019 թվականին։ Սակալին իր հանցակիցների հետ մտել է նշված տուն, կապել տերերին և պահանջել չհրկիզվող պահարանի բանալին ու ունեցած ողջ կանխիկ գումարը։
Տանտերերը հրաժարվել են ենթարկվել ավազակային խմբի պահանջներին, որից հետո հանցագործները նրանց ծեծել են ու իրենց հետ տարել տան բոլոր զարդերը։ Տանտերերին հասցված վնասը գնահատվում է 63 մլն ռուբլի։
Վոլկը մանրամասնել է, որ հանցագործը թուրքական կողմին է հանձնվել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
Սակալին միջազգային հետախուզման մեջ էր։ Այս տարվա մարտին նրան ձերբակալել էին Ինտերպոլի և Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները։
Սակալիի հանցակիցների և գողացված գույքի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։