ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՆԱՏՕ–ն պետք է շարունակի եվրատլանտյան անվտանգության առանցքային բաղադրիչ մնալ, ԵՄ–ն նրա այլընտրանքը չէ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն միջազգային անվտանգության ակադեմիայի նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով։
«Որոշ երկրներ փորձում են ԵՄ-ն ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք։ Դա ապակառուցողական և անիրատեսական մոտեցում է։ Անդրատլանտյան անվտանգության անբաժանելիությունը մեր հիմնարար սկզբունքն է», – ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ դաշինքը ձևափոխվում է և փորձում է հարմարվել նոր իրողություններին։ Միևնույն ժամանակ ուշադրություն է դարձվում գերազանցապես քաղաքական հարթության ուժեղացմանը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան` որպես ՆԱՏՕ–ում հզորությամբ երկրորդ բանակն ունեցող և դաշինքի գործողություններում և առաքելություններում մասնակցությունների թվով հինգերորդ տեղը զբաղեցնող երկիր, ակտիվ դեր է խաղում այդ ջանքերում: