Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ. Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիայի առջև ՀՀ ոչ մի իշխանություն չի դրել նախապայման՝ Ցեղասպանությունը ճանաչեք, նոր կկարգավորենք հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ցեղասպանության ճանաչումը որպես հայ֊թուրքական հարաբերությունների նախապայման դրված չէ Թուրքիայի առջև, տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի դեպ, մեր իշխանությունը այդ դիրքորոշումը վերցրել է 1990-ականներից, Հայաստանի ոչ մի իշխանություն չի ասել Թուրիքային՝ այ, կճանաչեք Ցեղասպանությունը, նոր հարաբերություններ կկարգավորենք, նման պահանջ երբևէ չի եղել։ Միջազգային ճանաչման վերաբերյալ մեր կառավարությունն իր հստակ դիրքորոշումն ունի», ֊ ասաց Փաշինյանը։
ՀՀ նախագահը խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Այս ամիս հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթաց է սկսելու, որի ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։