ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիան ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին են, հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասին տված հարցազրույցի ժամանակ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հարցազրույցն ընդհանրացնող հոդվածում հեղինակը մասնավորապես հիշեցրել է, որ թեև Սաուդյան Արաբիան ու Հայաստանը միմյանց նկատմամբ թշնամանք չեն ունեցել, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ նույնպես չեն եղել՝ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ղարաբաղյան առաջին պատերազմում Ռիադի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում
© Photo : official site of the President of RA
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա։
Աբբասը հետաքրքրվել է նախագահից, թե ինչպես է անցել Սաուդյան Արաբիա առաջին այցը, ինչ արդյունքներ են եղել և դիվանագիտական կապերի հաստատումը երբ կարելի է ակնկալել։
«Մեր անկախության ավելի քան 30 տարիներին մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Սաուդյան Արաբիայի հետ: Սաուդյան Արաբիան շատ կարևոր, ազդեցություն ունեցող և հեռանկարային երկիր է: Կարծում եմ, որ հարաբերություններ չհաստատելու հիմնավոր պատճառներ չկան»,– նշել է Սարգսյանը և հավելել, որ նախագահ դառնալուց ի վեր իր համար առաջնային նպատակ է եղել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելը։
Նա ընդգծել է, որ իր այդ ամենին դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը։ Նախագահը նշել է, որ բազմաթիվ նամակներ են հղել միմյանց, իսկ հաղորդակցությունների գագաթնակետը եղել է իր այցելությունը մայրաքաղաք Ռիադ։
«Մենք համաձայնել ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին ենք և մեր դեսպաններին կուղարկենք միմյանց երկրներ»,-ասել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը շեշտել է, որ թագաժառանգը մեծապես կենտրոնացած է ապագայի վրա, ներկայացրել է սաուդական նոր տնտեսություն զարգացնելու իր հավակնությունները, ինչպես նաև խոսել են բարձր տեխնոլոգիաներից, կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ անելուց։
«Ես ամբողջովին բավարարված եմ նրանով, ինչ տեսա: Երկու կողմն էլ շա՛տ պետք է աշխատեն` մեր ժողովուրդներին նաև կրթելու համար: Հայկական սփյուռքը շատ ավելի է ծանոթ Սաուդյան Արաբիային, քանի որ նրանցից շատերն այցելել և գործարարությամբ են զբաղվել Սաուդյան Արաբիայում: Հայաստանում՝ տեղական մակարդակով կան որոշ կարծրատիպեր, ինչը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին»,– ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրուցը Արաբական Arab News պարբերականում
© Photo : official site of the President of RA
Նա շեշտել է, որ դռները բացելը, ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և տնտեսական հարաբերություններ հաստատելը և զբոսաշրջությունը խթանելը կօգնեն միմյանց ավելի լավ ճանաչել:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայում աշխատանքային այցով էր։ Ռիադում Սարգսյանին դիմավորել էին պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: