ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքի անդամների։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։
«4660-ից ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի զինվորները և նրանց ընտանիքի անդամներն են փոխհատուցում ստացել։ 4660-ից միայն 416-ն են, որ 44-օրյա պատերազմից առաջ կատարված իրադարձությունների համար են փոխհատուցում ստացել։ Բացի այդ, փոխհատուցում ստացած 4660 շահառուներից 97-ը համարվում են անհայտ բացակայող, 524-ը` հաշմանդամություն ունեցող անձինք, մյուսները զոհվածների ընտանիքներն են»,–ասաց Սաիյանը։
Նա հայտնեց` 44-օրյա պատերազմի կամ դրանից հետո եղած իրադարձություններից տուժածներից առավելագույնը 200-250-ի պարագայում է, որ դեռևս փոխհատուցում չեն ստացել. փաստաթղթեր չեն ներկայացվել։ Սաիյանի խոսքով` պատերազմից հետո շահառուների թվի աննախադեպ աճը որոշակի կուտակումներ ստեղծեց, սակայն խնդիրներն արդեն անցյալում են։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանն էլ հայտնեց` կամավոր նվիրաբերությունների թիվը շատ մեծ է հենց Հայաստանում, քանի որ պատերազմը մտել է յուրաքնաչյուրիս տուն և մարդիկ գիտեն` ինչ առաքելություն է իրականացվում։
Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա ամենաակտիվն ԱՄՆ հայ համայնքն է, հետո գալիս են եվրոյով և ռուբլիով նվիրաբերությունները։
Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2021–ի հունվարին օրենքի փոփոխության արդյունքում պարտադիր վճարները բարձրացվեցին և, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի շատ գումար է ստացվում։
«2017-ից մինչ այսօր պարտադիր վճարները 53 միլիարդ դրամ են կազմել, իսկ ընդհանուր առմամբ 64 միլիարդ դրամի միջոցներ ենք ստացել։ Նվիրատվությունների մեծ մասը պատերազմի ընթացքում են ստացվել և դրանից անմիջապես հետո` 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին»,–ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` գալիք 3-5 տարիների համար պլանավորում են մեծ ռեզերվ հավաքագրել։ Խոսքը մոտ 100 մլն դոլարի մասին է։ Բաղդասարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ունեցած ռեզերվների շնորհիվ էր, որ հենց 2020–ի նոյեմբերից սկսեցին փոխհատուցումներ տրամադրել։
Հիշեցնենք, որ 2020-ի տարեվերջին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունվել էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող ամսական 1000 դրամ դրոշմանիշային վճարները հասան մինչև15 000 դրամի։
Ըստ այդմ, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողները վճարում են 1000 դրամ, 100-200 հազար դրամ ստացողները՝ 3000 դրամ, 200–ից 500 հազար ստացողները՝ 5500 դրամ, 500 000- 1 մլն դրամ ստացողները` 8500 դրամ, իսկ 1 մլն դրամը գերազանցող եկամուտ ունեցողների դրոշմանիշային վճարը կազմում է 15 000 դրամ։