ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Facebook-ի պաշտոնական էջում այս մասին ահազանգել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ու գյուղի ճակատագրի անորոշության պայմաններում չարեքտարցիներից ոմանք հրդեհել էին իրենց տներն ու հեռացել գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո նրանք կա՛մ վերադարձել են հայրենի գյուղ, բայց ի վիճակի չեն նորոգելու հրդեհված տները, կա՛մ սպասում են պետական աջակցությանն այդ հարցում, իսկ այն անվերջ ձգձգվում է։ Անգամ համայնքապետարանի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախանշված է 2022թ. հունվարին, շատ դանդաղ են ընթանում։
ՄԻՊ–ը փաստում է, որ գյուղում շատ լուրջ է նաև անվտանգության հարցը։ Համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական ԶՈւ հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են գյուղացիների ու նրանց կենսական իրավունքների ապահովման համար։
Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։
Ստեփանյանի խոսքով` գյուղի բնակիչների վերադարձին լրջորեն խոչընդոտում է նաև համայնքում դպրոցի բացակայությունը։ Գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաներին հարևան Գետավան համայնքի դպրոց ուղարկելու առաջարկին ծնողները չեն համաձայնել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ այդ ճանապարհով շաբաթը մի քանի անգամ անցնում են ադրբեջանական շարասյուներ։ Մի քանի ընտանիք վերադարձել էին համայնք, բայց դպրոցի բացակայության պատճառով նորից հեռացել են։
ՄԻՊ–ը նաև նշում է, որ համայնքում ընտանիքներ կան, որ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։
«Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»,– գրում է Գեղամ Ստեփանյանը:
Նա միաժամանակ արձանագրել է, որ գյուղացիների` տարբեր խողովակներով բազմիցս բարձրացրած վերոհիշյալ խնդիրներն առայսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել։