ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված իրավիճակ է, բախումներ են սկսվել «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների ու ոստիկանների միջև։ Կուսակցության համակիրները փորձում են ի նշան բողոքի փակել համայնքային ճանապարհը։
Ոստիկանությունն այս պահին ուժով բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։
Акция протеста в Паракаре
© Sputnik / NEWS AM / Screenshot
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «արդարություն», «հաղթանակ»։ Մեսրոպ Առաքելյանն իր խոսքով կարողացամ փոքր-ինչ հանդարտեցնել իրավիճակը, համակիրներին հորդորելով հետ կանգնել ոստիկաններից։
Հավաքվածները հայտարարեցին, որ ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ, քանի դեռ ոստիկանությունը Փարաքարի համայնքապետարանի մուտքը չի բացել։
Բողոքի ակցիա Փարաքարում
© Sputnik / Asatur Yesayants
Նշենք, որ ժամեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել էին համայնքապետարանի առջև, որտեղ տեղի ունեցավ Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։
Դրանից հետո Վալոդյա Գրիգորյանը քաղաքացիների, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հետ ցանկացան մտնել համայնքապետարան, որի մուտքը փակել են ոստիկանները։
Ոստիկանության ներկայացուցիչը, դիմելով Առաքելյանին, նշեց, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը համայնքապետարան, քանի որ գործը գտնվում է վարչական դատարանում։
Բողոքի ակցիա Փարաքարում
© Sputnik / Asatur Yesayants
«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ու համակիրները մի քանի րոպե ժամանակ տվեցին ոստիկանությանը, որպեսզի համայնքապետարանի մուտքը փակելու և ավագանու անդամներին ներս չթողնելու օրինական հիմքեր ներկայացնեն։
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար:
Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):