ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Փարաքարի բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 7 անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից։
Բերման ենթարկելու իրավական հիմքը Վարչական իրավախախտւմնրի օրենսգրքի 182–րդ հոդվածն է, այն է` «հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»։
Իրավախախտման հաստատման դեպքում բերման ենթարկվածների նկատմամբ կնշանակվի տուգանք` 50 000 դրամի չափով:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բախումներ էին սկսվել «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների ու ոստիկանների միջև այն բանից հետո, երբ կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել համայնքի ճանապարհը։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Միաժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքը պնդում է, որ ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ավագանու ՔՊ-ական անդամները): Իրենց պնդմամբ համայնքի ղեկավար ընտրված երկու թեկնածուներն էլ այսօր ներկայացել էին երդման արարողության ու պաշտոնը ստանձնելու։