Դժվար թե կարիք կա մանրամասն անդրադառնալու պատմությանը, որը բոլորին է հայտնի։ Քարշը քաղաքավարի խնդրեց Մեծ Բրիտանիայի վարչապետին հանել սիգարը, որով նա միշտ լուսանկարվում էր, Չերչիլը չհամաձայնեց, լուսանկարիչը մոտեցավ նրան, առանց հարցնելու պարզապես քաշեց, հանեց սիգարը, և մինչ վրդովված անգլիացին փորձում էր հասկանալ, թե ինչպես է այս 33-ամյա ոչ այնքան հայտնի լուսանկարիչը հանդգնել նման կերպ վարվել աշխարհի հզորագույն պետություններից մեկի ղեկավարի հետ, Քարշը հասցրեց չրխկացնել ապարատը։ Ու մի օրում հայտնի դարձավ։
Հետո արդեն Չերչիլը կփաստի. «Այս հայը առյուծին էլ կհանդարտեցնի նրան լուսանկարելու համար»։ Իսկ Քարշը ողջ կյանքում ինքն իրեն հարց կտա. «Լա՛վ, այդ ինչպե՞ս եղավ, որ աշխարհի ամենահայտնի լուսանկարներից մեկը «Լայֆ» հանդեսին վաճառեցի ընդամենը 100 դոլարով»։ Կարևորը, որ Յուսուֆ Քարշը դրանից հետո դարձավ ոչ պակաս հեղինակավոր, քան այն մարդիկ, որոնց նկարում էր։ Իսկ նրանց միայն անունները թվարկելու համար մի քանի էջ կպահանջվի` Էռնեստ Հեմինգուեյ, Ֆրանկլին և Էլեոնոր Ռուզվելտներ, Ալբերտ Էյնշտեյն, Պաբլո Պիկասո, Ֆիդել Կաստրո, Ջոն Քենեդի, Բիլ և Հիլարի Քլինթոններ, Շառլ դը Գոլ, Բերնարդ Շոու, Ալբեր Քամյու, Ջորջ Պոմպիդու, Ժան Կոկտո, Մարտին Լյութեր Քինգ, Յուրի Գագարին...
Այսօր, երբ նշվում է Յուսուֆ Քարշի ծննդյան 113-ամյա տարեդարձը, կարող է թվալ, թե նրա բախտը պարզապես բերել է՝ հայտնի է դարձել Չերչիլի լուսանկարի շնորհիվ։ Սակայն մեկնաբանները փաստում են՝ բայց չէ՞ որ դրան նախորդած 15 տարիների ընթացքում Քարշը անընդհատ ձգտել է սովորել, հղկել վարպետությունը՝ փորձարկելով իր նորարարական մոտեցումները և սկզբունքները։ Նա միշտ ասում էր սկսնակներին։ Մեջբերեմ. «Կա մի շատ կարճ պահ, երբ մարդու մտքի և հոգու ողջ էությունը անսպասելիորեն արտացոլվում է նրա աչքերում, նրա ձեռքերում, նրա շարժումներում ու կեցվածքում։ Որսացե′ք այդ պահը»։
Որևէ մեկին լուսանկարելուց առաջ Քարշն անպայման ուսումնասիրում էր այդ մարդու կենսագրությունը, հաճախ պարզապես հանդիպում ու զրուցում նրա հետ։ Լուսանկարչի կնոջ վկայությամբ` ամենաանջնջելի տպավորությունը ամուսնու վրա թողել էր ամերիկացի գրող Հելեն Քելերի հետ հանդիպումը։ Նրանք զգացին, որ հարազատ հոգիներ են թեկուզ այն պատճառով, որ մանկության տարիներին երկուսն էլ ողբերգություն էին ապրել։
Քարշը միշտ հիշում էր, որ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ թուրքերը ջրհորն էին նետել իր երկու հորեղբայրներին, իսկ քույրը սովամահ էր եղել։ Հելեն Քելերն էլ 2 տարեկան հասակում ծանր հիվանդացել էր և դարձել կույր ու համր։ Ոչ ոք չէր հավատում, որ այդ վիճակում մարդը կարող է ստեղծագործել, բայց Քելերը հաղթահարեց ամեն ինչ ու դարձավ գրող, մանկավարժ և քաղաքական գործիչ։ Երբ Քարշը լուսանկարեց նրան, կինը հասկացրեց, որ ինքն էլ ուզում է իր հիշողության մեջ հավերժացնել Քարշի պատկերը ու սկսեց ձեռքերով մեղմ շոշափել նրա դեմքը։ Լուսանկարում էր։
Քարշի անկրկնելի լուսանկարները շատ շատերին են ոգեշնչել, բայց լրատվամիջոցները առավել հաճախ են հիշում այս դեպքը։ Մի դպրոցական գրել էր նրան, թե որոշել է թողնել դպրոցը և զբաղվել լուսանկարչությամբ։ Քարշը պատասխանել էր, թե մեկնում է Եվրոպա և պատանու հետ կզրուցի վերադառնալուց հետո։ Բայց օդակայանում տեսավ այդ տղային, որի մայրը անմիջապես հարձակվեց լուսանկարչի վրա՝ մեղադրելով նրան, թե հենց իր պատճառով է տղան հարցականի տակ դրել սեփական ճակատագիրը` հրաժարվելով ուսումից։ Ինքնաթիռը ուր որ է պիտի թռչեր, բայց Քարշը վերադարձրեց տոմսը, նստեց ու երկար զրուցեց տղայի հետ։ Ու պատանին ի վերջո լիովին համաձայնեց, որ գիտելիքներ ձեռք բերելը պարտադիր է, ինչ մասնագիտություն էլ ընտրես։
Ինչպե՞ս հաջողվեց համոզել պատանուն։ Պարզապես Քարշը փոխանցեց նրան իր գլխավոր սկզբունքներից մեկը, որը դավանել էր ողջ կյանքում. «Յուրաքանչյուր կին և տղամարդ իրենց թաքնված գաղտնիքն ունեն, և պիտի շատ բան իմանաս, որպեսզի կարողանաս բացահայտել այդ գաղտնիքը»։