Հուսով եմ` մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն վտանգավոր գործելաոճից. ԱԺ փոխնախագահ

Հակոբ Արշակյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծում է, որ ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին։ Նա գրառում է արել Facebbok–ի իր էջում` արձագանքելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նշված խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Փաշինյանը հանդիպում է անցկացնում թիմակիցների հետ
«Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ։ Այնուամենայնիվ, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են հանդիպման առաջարկը։
Պատճառաբանությունը, թե իբր բաց քննարկման անհրաժեշտություն կա` անհիմն է, հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում, հարց֊պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով, սակայն, հասկանալի պատճառով բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել»,– գրել է նա։
Արշակյանի խոսքով` հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին` ինքնին ապացուցում է, որ ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին։

«Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք` ընդդիմադիր խմբակցությունները հայտնել էին, որ Փաշինյանի հետ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է։