Ցածր ջերմաստիճանով պայմանավորված` հանրապետությունում գլուխ են բարձրացնել սեզոնային գրիպի տեսակները, այդ թվում նաև H1N1-ը։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց համաճարակաբան Արմեն Օհանյանը։
«Սեզոնայինգրիպի տեսակներից ևս պետք է զգուշանալ։ Օրինակ`H1N1-ը պանդեմիայից հետո որոշակի փոփոխություններ կրեց և դարձավ սեզոնային գրիպի տեսակ։ Նախկին «խոզի գրիպ» տերմինը այժմյան H1N1-երի դեպքում չի կիրառվում։ Սա սեզոնային բնույթ ունի և պանդեմիկ վտանգ չի ներկայացնում իր վարակելիությամբ և ծանրության աստիճանով»,-ասաց նա։
Նրա խոսքով` սեզոնային գրիպի տեսակները երբեմն անհատական մոտեցում են պահանջում և շատ կարևոր է, որ առաջին ախտանշանների ի հայտ գալու և բարձր ջերմություն ունենալու դեպքում մանավանդ մանկահասակ երեխաների ծնողները զգոն լինեն և անհրաժեշտության դեպքում դիմեն կա՛մ տեղամասային բժշկին, կա՛մ մոտակա հիվանդանոց։
«Շնչառական վիրուսների դեպքում ևս նպատակահարմար է ախտորոշիչ թեստեր կիրառել։ Եթե մանկապարտեզներում կամ դպրոցներում նույն խմբից կամ դասարանից 1 երեխայի էլ ախտորոշեն` բավարար է հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունեն»,- պարզաբանեց համաճարակաբանը։
Ըստ Օհանյանի` ի տարբերություն Covid -19-ի` սեզոնային գրիպի դեպքում մինչև 5 տարեկան երեխաներին (որոնք կարող են ունենալ նաև որոշակի ռիսկայնություն) հնարավոր է` նաև դեղորայքային բուժում նշանակելու անհրաժեշտություն լինի։ Դա կարող է արվել այն դեպքում, եթե երեխան 4-5 օր շարունակ 39 և ավելի ջերմություն ունի, քնած ժամանակ 1 րոպեում շնչում է ավելի քան 30 անգամ, ջերմիջեցնողներ խմելուց հետո թույլ է զգում, հևում է, որովայնով է շնչում և դառնում է քնկոտ։ Սրանք այն վտանգավոր նշաններն են, որոնք կարող են վկայել հնարավոր բարդությունների մասին։