ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Շամբալայի պարբերական օգտագործումը կարող է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնել 25 տոկոսով։ Այդ մասին գրում է Daily Express-ը։
Հետազոտողները կարծում են, որ բակլազգիներին պատկանող այս միամյա բույսը արդյունավետ միջոց է հանդիսանում ինչպես դիաբետի առկայության դեպքում, այնպես էլ դրա կանխարգելման համար։
Գիտնականները ութ շաբաթվա ընթացքում գնահատել են շամբալայի ազդեցությունը շաքարի և խոլեստերինի մակարդակի վրա: Շաքարային դիաբետով հիվանդներին օրական 10 գրամ վերամշակված սերմեր են տվել՝ յոգուրտի կամ տաք ջրի մեջ:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական մեզի մեջ գլյուկոզայի մակարդակը նվազել է 54 տոկոսով, իսկ քաղցած ժամանակ շաքարի, տրիգլիցերիդների և բարձր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի մակարդակը տաք ջրում թրջված շամբալայի օգտագործումից հետո նվազել է համապատասխանաբար 25, 30 և 60 տոկոսով։
Գիտնականները եզրակացրել են, որ շամբալայի սերմերը շատ օգտակար են դիաբետի բուժման համար։