3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ

Եթե 2020թ.–ին Հայաստանում ծնվել է 10 131 երրորդ ու ավելի երեխա, ապա կառավարության հաշվարկով 2025թ․–ին նրանց թիվը կհասնի 14 976–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 000 դրամ` մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս առաջարկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
«Որոշումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,– նախագիծը ներկայացնելով` ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը` հավելելով, որ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։
Կառավարությունը հաստատեց` թոշակների ու նպաստների չափը կավելանա, բայց ոչ դարակազմիկ չափով
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 3 և ավելի երեխաների թիվը հայաստանյան ընտանիքներում վերջին 5 տարիներին ավելացել է 5%–ով։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կավելանա ևս տարեկան 3%–ով։
Եթե 2020թ.–ին Հայաստանում ծնվել է 10 131 երրորդ ու ավելի երեխա, ապա կառավարության հաշվարկով 2022թ․–ին կծնվեն 10 956–ը, 2023թ․–ին՝ 11 844, 2024թ․–ին՝ 12 804, 2025թ․–ին՝ 13 848 և 2025թ․–ին՝ 14 976։
Նախարարը հայտնեց, որ այդ հատկացումներն արդեն նախատեսված են 2022թ–ի պետական բյուջեով։
Նշենք, որ ՀՀ–ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան դեպքում տրվում է միայն միանվագ պետական նպաստ։