Վանաձորը մնացել է առանց քաղաքապետի

Վանաձոր
Վանաձոր համայնքի ԺՊ–ի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, իսկ ընտրություններում ամենաշատ ձայնը հավաքած դաշինքի առաջնորդը կալանավայրում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորն այս պահին մնացել է առանց քաղաքապետի, քանի որ ավարտվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետը։ Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական էջից։
2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։

«Հիմք ընդունելով ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ 2021-ի հոկտեմբերի 6-ի փոփոխություններով, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, իրավական առումով Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։
Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան միավորման համայնքապետի թեկնածուն Վանաձորում «Գոջին» է
Դեկտեմբերի 17–ին պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրեին։ Սակայն ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան` բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ըստ այդմ էլ ավագանու նիստը 1 շաբաթով հետաձգվեց։
Դրանից բացի, Մամիկոն Ասլանյանը, որը հաղթած ուժի քաղաքապետի թեկնածուն էր, դեկտեմբերի 15-ին մեղադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու, դրանք չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ ու ձերբակալվեց։ Դեկտեմբերի 16-ին Վանաձորի նախկին քաղաքապետին 2 ամսով կալանավորելու որոշում կայացվեց։
Թե երբ կլինի ավագանու հաջորդ նիստը` հայտնի չէ։