ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարևորել են սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` հայտնելով, որ երկու նախարարների հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Բացի այդ, կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին նույնպես նման հեռախոսազրույց էր կայացել։ Նախարարները քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։