Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

Ռիմա Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին: Տիկին Դեմիրճյանն օրինակելի կին էր, ընտանիքի հոգատար մայր, ով վայելում էր հասարակության սերն ու հարգանքը: Միաժամանակ, նա զբաղվել է դասախոսական բեղմնավոր աշխատանքով՝ կրթելով երիտասարդ սերնդի լայն շրջանակների»,– ասված է Փաշինյանի հեռագրում:

ՀՀ վարչապետը նշել է, որ Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո տիկին Դեմիրճյանն իր գործունեությամբ վառ պահեց ամուսնու հիշատակը՝ այդպիսով նպաստելով Կարեն Դեմիրճյան պետական, ազգային և քաղաքական գործչի կերպարի ամբողջացմանը:
«Այս ծանր կորստի պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»,– եզրափակել է Փաշինյանը:
Հիշեցնենք` Ռիմա Դեմիրճյանը մահացել է երեկ։ Նա 88 տարեկան էր։