Հետխորհրդային տարածքի երիտասարդ կինեմատոգրաֆիստների համագործակցությունը նոր հնարավորություններ կբացեր կինոյի համար։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Ովքե՞ր կփոխարինեն նախկին ԽՍՀՄ երկրների վաստակավոր վարպետներին» թեմայով Մոսկվա–Մինսկ–Նուր-Սուլթան–Երևան տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռեժիսոր, Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի շրջանավարտ Արջ Շերմազանյանը։
«Շատ կարևոր է կինոյի միջոցով քարոզել այն արժեհամակարգը, որը փոխանցել են մեր հայրերն ու պապերը։ Մենք նույն տարածքում ենք ապրել և մի շարք ընդհանրություններ ունենք։ Մենք պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք մեզ փոխանցված ժառանգությանը, հասկացնենք, որ մենք եղբայրներ ենք։ Մենք ոչ միայն պատմության առումով մի շարք ընդհանրություններ ունենք, այլև մարդկային հարաբերությունների», – ասաց նա։
Շերմազանյանը համոզված է, որ Հայաստանը կինեմատոգրաֆիայի ոլորտում կարող է համագործակցել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի հետ կամ բոլոր այս երկրների հետ միասին։
«Ես կողմ եմ համագործակցությանը, համատեղ արտադրանքին։ Հայաստանում շուկան փոքր է։ Այնուամենայնիվ, մեր երկրում կարելի է լավ կինո նկարահանել։ Այստեղ ֆանտաստիկ վայրեր կան, կերպարներ, դերասաններ։ Ե՛վ բելառուս, և՛ ղազախ, և՛ ռուս ռեժիսորները կարող են գալ այստեղ։ Եվ դա իրագործելն առաջին հերթին մեր սերնդի խնդիրն է», – նշեց նա։
«ВГИК-դեբյուտ» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն, կինեմատոգրաֆիստների միության անդամ, «Ոսկե արծիվ» և «Նիկա» կինոակադեմիաների ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի և Ռուսական Օսկարի կոմիտեի անդամ Ֆյոդոր Պոպովն իր հերթին նշեց, որ համագործակցությունը միշտ ողջունելի է, սակայն դրա համար հարմար սցենար է պետք։
«Չէ՞ որ ամեն ինչ սցենարից է սկսվում։ Եթե, օրինակ, ֆիլմի գործողությունները, սցենարի համաձայն, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում են տեղի ունենում, նշանակում է` արդեն համատեղ արտադրություն է։ Կամ ֆիլմում հայ հերոսներ են խաղում։ Պետք է ճիշտ պատմություն գտնել», – ասաց նա։
Պոպովը նշեց, որ համատեղ արտադրությունը բավական նուրբ թեմա է։ Այդ առնչությամբ նա հիշեց Էլդար Ռյազանովի «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմը, որում ամեն ինչ պատմությունն էր թելադրում։
Ըստ նրա` եթե կա հարմար պատմություն, ապա ֆիլմի հաջողության 90 տոկոսը երաշխավորված է։