Ինչպես ժամանակակից մարդն է նայում եգիպտական բուրգերին՝ չհասկանալով, թե ինչ տեխնիկա են կիրառել դրանք կառուցելիս, այնպես էլ ժամանակակից ոսկերիչները, նայելով մի քանի հազար տարի առաջ պատրաստված այս ոսկե իրերին, զարմանում են՝ այդ ինչպիսի գործիքներ են օգտագործել մեր նախնիները, ինչպես են կարողացել հատիկաշար ստանալ, ինչ ձևով են ամրացրել զարդերը։
Այս բոլոր զարդերը հայտնաբերվել են «Մեծամոր» հնավայրի տարածքից, ավելի քան 50 տարի շարունակվող պեղումներից։ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված ավելի քան 28 000 առարկաներ։
Թանգարանի առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը։
Իսկ այժմ արդեն նկուղային հարկում բացվել է ոսկե զարդերի ցուցադրությունը։ Ցուցադրության ամենահին զարդը հերազարդ է՝ գտնված մանկական դամբարանից։ Այն հավանաբար եղել է դեռահաս աղջկա հյուսքի մեջ։ Հերազարդը 5 գրամ քաշ ունի, այն թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով։
Մեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի գիրքը
© Sputnik / Janna Poghosyan
Ներկայացված իրերից են նաև մ.թ.ա.10–րդ դարի ոսկե երեսպատումով արծաթե գոտու բեկորները, մ.թ.ա. 6–րդ դարի ոսկե և սարդիոնե վզնոցը, մ.թ.ա. 15–րդ դարի ոսկե վզնոցը (որոնք երկուսն էլ բավականին ժամանակակից տեսք ունի ու կարելի է կրել թեկուզ այսօր), տարբեր ուլունքներ և կախիկներ։
Ուշագրավ է ոսկուց, անագից և սարդիոնից պատրաստված միանման վզնոցի և ապրանջանի հավաքածուն, որը խոսում է այն մասին, որ նորաձևության կանոնները հազարամյակներ շարունակ չեն փոխվել. կանայք սիրել են նույնատիպ զարդեր կրել վզին, ձեռքին, ականջներին։
Ժամանակին թագավորական֊իշխանական գերդաստանները մեծ ուշադրություն էին դարձնում նաև իրենց կենդանիներին. Մեծամորից հայտնաբերվել են անագե կախիկներ հատուկ ձիերի համար։ Դրանք թվագրվում են մ.թ.ա. 15–րդ դարով։
Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
© Sputnik / Janna Poghosyan
«120 տարի առաջ աշխարհում ոչ մեկը չգիտեր, թե ինչ է Զվարթնոցը, 60 տարի առաջ չգիտեին Մեծամորի մասին։ Այսօր մենք արտասահմանից գործընկերներ ունենք, որ մասնակցում են պեղումներին և մեր գիտաժողովներին», ֊ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ֊ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը («Մեծամոր» պատմահնագիտական արգելոց -թանգարանը գործում է ՊՈԱԿ-ի կազմում)։
Հայ գիտնականների հետ միասին պեղումների վրա աշխատել են լեհ հնագետները։
Ոսկե զարդերի ցուցահանդես «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
© Sputnik / Janna Poghosyan
Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ, սրբարաններ, զոհարաններ, աստղադիտարան, կացարաններ, քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ, որից էլ հայտնաբերվել է ոսկե զարդերի մեծ մասը։
«2020-ին մենք թալանված, պատկերացնո՞ւմ եք՝ թալանված դամբարանից 83 կտոր ոսկի ենք հայտնաբերել»,֊ասում է Փիլիպոսյանը։
Մեծամորի թանգարանի հիմնադիր Կորյուն Մրկտչյանի որդին՝ Վահրամը
© Sputnik / Janna Poghosyan
Մեծամորի հնավայրից հայտնաբերվել են սաթից ուլունքներ, որոնք, ըստ մասնագետների, Հայկական լեռնաշխարհում չեն եղել, և, ըստ այդմ, խոսում են Մեծամորում իշխողների առևտրական կապերի մասին եգիպտացիների և խեթերի հետ։ Բացի այդ, Մեծամորում գտնվել է սարդոնիքսե գորտի արձանիկ-կախիկ, որը, ըստ մասնագետների, ծառայել է Եգիպտոսում որպես կշռաքար, քանի որ դրա քաշը (8,64 գր.) համապատասխանում է բաբելոնյան 1 սիկղ կշռաչափին:
Ոսկե զարդերի ցուցահանդես Մեծամոր արգելոց-թանգարանում
© Sputnik / Janna Poghosyan
Մեծամորից հայտնաբերվել են նաև Եգիպտոսի արքաներ Թութմոս III-ի և Ռամզես II-ի ժամանակներին վերաբերող կոյաբզեզ-դրոշմները, ինչպես նաև Բաբելոնի արքա Կուրիգալզու I-ի և միտաննական գլանաձև կնիքները:
Հայ և արտասահմանցի գիտնականների կողմից կես դարից ավելի Մեծամորի հնավայրում ուսումնասիրություններ և պեղումներ են իրականացվել, բազմաթիվ գիտական աշխատություններ և հոդվածներ են գրվել, սակայն մասնագետները վստահ են՝ անհետացած քաղաքը դեռ շատ և շատ գաղտնիքներ է պարունակում, որոնք պետք է բացահայտեն ապագա հնագետները։