ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը վստահեցնում է, որ ինքը գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն չի հայտնել։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես Հայկ Մարությանին անվստահություն չեմ հայտնել, ուղղակի իմ համաձայնությունն եմ տվել։ Եթե իմ թեկնածությունն են առաջադրել, ինչ եք կարծում համաձայնությունս չե՞մ տվել»,– նշեց Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ ինքն անձամբ գոհ է Մարությանի աշխատանքից, սակայն գործընթացներից ելնելով, ինքը կփոխարինի նրան, քանի որ 2018 թվականին սկսած բոլոր ծրագրերը պետք է ավարտին հասցվեն։
Նշենք, որ ավագանին արտահերթ նիստով քննարկում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը։ Ներկա պահին նիստն ընդմիջվել է, քիչ անց կկայանա քվեարկությունը։
Դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։