ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է Հայաստանի հանդեպ իրանցիների վստահությունը նվազում. Ոսկանյանը` պատճառների մասին

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին և տարածաշրջանային «3+3» ձևաչափի հեռանկարին։
Sputnik
Հայաստանի հետ աշխատող բոլոր գործընկերների, այդ թվում Իրանի համար խոշորագույն խնդիրը ՀՀ գործող իշխանության արտաքին տարերային քաղաքականությունն է, որը չունի հիմնական ուղղություն, կանխատեսելիություն և մեթոդական հիմք։ Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով` շատ դեպքերում ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ միայն անհասկանալի է թվում, այլև պարունակում է որոշակի ռիսկեր։

«Խոսքն առնչվում է զանազան աշխարհաքաղաքական բևեռների միջև մանևրելու փորձերին, քանզի ՀՀ գործող իշխանությունն ակնհայտորեն չունի դիվանագիտական հմտություն և փորձառություն, որպեսզի կարողանա մանևրել միջազգային հարթակներում, որպեսզի Հայաստանը ոչ թե դառնա բևեռների բախման հարթակ, այլ նրանց միջև առկա հակասությունները նվազեցնող, համագործակցություն նախանշող վայր։ Հետևաբար, իրանցիները նույնպես հստակ չեն հասկանում ՀՀ վարած արտաքին քաղաքականության ուղեգիծը` պայմանավորված դրա տարերայնությամբ»,– ասաց իրանագետը։

Ոսկանյանի խոսքով` իրանական կողմը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցք կոչված պանթյուրքական ծրագրին, այն ուղղակիորեն խաթարում է Իրանի կենսական շահերը։ Սակայն ընթացող պրոցեսները, Ադրբեջանի շարունակական ճնշումներն ու հայկական կողմից հստակ ազդակների բացակայությունը շատ դեպքերում իրանցիներին դնում է բարդ իրավիճակի մեջ, ինչն էլ բնականաբար հանգեցնում է վստահության մակարդակի նվազեցման։
«Իրանի հետ աշխատանքներում բավական մեծ անելիքներ կան, որոնց հիմնական մասը պետք է ուղղված լինի Իրանի ներսում առկա պրոհայկական տրամադրություններին ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելը, քանզի այդ տրամադրությունները վաղը կարող են այլ ազդեցությունների ներքո փոփոխվել։ Հայ–իրանական զանազան բարեկամական խմբերի ստեղծումը տարբեր ոլորտներում կարող է բացառել երկկողմ հարաբերություններում անվստահության մթնոլորտը և խթանել կենսական շահերով պայմանավորված փոխգործակցությունը»,-նշեց իրանագետը։
Իրանի ներկայացուցիչը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ողջունել է «3+3» հարթակը
Անդրադառնալով «3+3» ձևաչափում հետագա հարաբերություններին` Ոսկանյանն ընդգծեց, որ Վրաստանի բացակայության պայմաններում այդ ձևաչափը դժվար թե ունենա երկար կյանք։ Ըստ նրա`շատ դեպքերում տվյալ ձևաչափին մասնակցելու հանգամանքը պայմանավորված է իրավիճակային բնույթով, և ձևաչափն աշխատանքային դարձնելու հարցում կարող են լինել խնդրահարույց պահեր։ Ոսկանյանի կարծիքով` արարողակարգային խորհրդանշական մակարդակում ձևաչափը գուցե դեռ կշարունակի գործել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հարթակը որոշ չափով ձեռնտու է Իրանին ու Ռուսաստանին, քանի որ նրանք ուզում են Հարավային Կովկասում ունենալ կանխատեսելի իրավիճակ։
Իրանի արտգործնախարարը մեկնել է Ադրբեջան
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10–ին Մոսկվայում կայացավ «3+3» ձևաչափի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային բազմապլան համագործակցության զարգացման հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարթակի աշխատանքը կենտրոնացնել այն գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար: