Ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել. ընդվզել են «Իմ քայլի» անդամներից ևս 2–ը

Արխիվային լուսանկար
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու կազմում արդեն իսկ խժդժություններ են սկսվել. ավագանու անդամներից ոչ բոլորն են պատրաստվում շարունակել իրենց աշխատանքը։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգչուհի Լիլիթ Պիպոյանը վայր է դնում ավագանու մանդատը։ Պիպոյանն իր որոշման մասին հայտնել է Facebook–ի էջում` բացատրելով, թե ինչի հետ է կապված իր քայլը։
Հայկ Մարությանը հեռացավ. Երևանը նոր քաղաքապետ ունի
Հայտնել էինք, որ Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին:

«Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև նախ չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին։ Բացի այդ, բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա»,–գրել է Պիպոյանը։

Նրա խոսքով` ավագանու ինստիտուտը պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:
Պիպոյանը նշել է նաև, որ, ցավոք, օդում առկախված է մնացել քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իր առաջարկը, որի համար նախապատրաստական աշխատանք էր կատարել վերջին ամիսների ընթացքում։
Երգչուհին հավելել է, որ իր աշխատանքը կհանձնի մշակութային գծով քաղաքապետի տեղակալին` հույսով, որ այն կյանքի կկոչվի:
Մարությանին անվստահություն չեմ հայտնել, ուղղակի իմ համաձայնությունն եմ տվել. Սարգսյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ դուրս է գալիս խմբակցությունից։
«Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,–գրել է նա։
«Ամո՛թ քեզ, Տկզար». Ալեն Սիմոնյանն արձագանքել է Հայկ Մարությանի ելույթին
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը նույնպես դիմում են ներկայացրել ավագանու իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Երկուսն էլ դեմ էին Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ սկսված գործընթացին։