ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում հայկական կողմի մասնակցությամբ Անկարայում և Բաքվում բանակցություններ անցկացնելը հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում։ Գրիգորյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում` արձագանքելով համապատասխան նկատառմանը։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր` «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտադիր են անցկացնել Թուրքիայում։ Հանրայինի հաղորդավարը հետաքրքրվեց, թե, փաստորեն, ստացվում է, որ մենք կգնանք Անկարա և չի բացառվում, որ այնտեղից էլ կգնանք Բաքու, իսկ այնտեղից բոլորով` Երևան։
«Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու։ Բացի այդ, պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեզ մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ` հայ–թուրքական օրակարգ այս պահին չկա. հիմնական օրակարգն է` նստել սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչպես կարող են հայ–թուրքական հարաբերությունները կարգավորել։ Գրիգորյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Հարցին, թե Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ինչո՞ւ է հենց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել` Գրիգորյանը պատասխանեց, որ նախ Ռուբինյանը փորձ ունի` ԱԺ–ում ղեկավարել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Բացի այդ, ըստ ԱԽ քարտուղարի, Ռուբինյանին ավելի արդյունավետ բանակցող է դարձնում նրա` վարչապետի և թիմի հետ կապը։
Գրիգորյանը վստահեցնում է` այս պահին հայ–թուրքական հարաբերություններում որևէ պրոցես չի սկսվել և Հայաստանը ծանոթ էլ չէ ճանապարհային քարտեզին, ինչի գոյության մասին լուրեր են շրջանառվում։
Անդրադառնալով «3+3» ֆորմատին` ՀՀ ԱԽՔ–ը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի շատ կքննարկվեն երկկողմ ֆորմատով։ Սակայն եթե առիթ լինի «3+3» ֆորմատում էլ խոսելու, ապա, ըստ Գրիգորյանի, այդ առիթը ևս կօգտագործեն Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով հանդիպումներ անցկացնելու նախաձեռնության հեղինակները Թուրքիան ու Ադրբեջանն են։
Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանը Վրաստանը չի մասնակցել։
Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: