Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել. Արմեն Սարգսյանի հարցազրույցը

Դադիվանքի վանահայրը
ՀՀ նախագահը հարցազրույց է տվել Asia Times-ին` անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը, որի հետևանքով հայկական եղեկեցիներն ավերվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմը կամ հակամարտությունը երբևէ կրոնական տարրեր է ունեցել։ Սարգսյանը նման կարծիք է հայտնել Asia Times-ի հետ հարցազրույցում, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Սարգսյանից, մասնավորապես, հետաքրքրվել են, թե համաձա՞յն է այն մեկնաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունը կրոնական տարր ունի: Քանի որ ինչպես Հայաստանն է դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում եկեղեցիների պղծումը, նույն կերպ էլ Ադրբեջանի նախագահն էր դժգոհում, որ Հայաստանը ոչնչացրել է առնվազն «70 մզկիթ» վիճելի տարածքներում։

«Սա կրոնական պատերազմ չէ: 70 մզկի՞թ է ավերվել։ Չգիտեմ, ես Ձեզնից եմ լսում այդ մասին: Դուք պետք է շատ կոնկրետ լինեք։ Հայկական եկեղեցիների դեպքում ամեն ինչ շատ կոնկրետ է: Այդ եկեղեցիներն այնտեղ են, որտեղ եղել են հարյուրավոր և հազարավոր տարիներ: Եվ մենք հստակ գիտենք, թե որն է ոչնչացվել։ Ցավոք, մենք մասնագիտացել ենք հայկական եկեղեցիների, ժառանգության ու մշակույթի ավերումը գրանցելու մեջ առաջին հերթին Օսմանյան կայսրությունում` Թուրքիայում»,–ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը նշել է, որ ինքն անձամբ ողջունել է Շուշիում գտնվող մզկիթի ամբողջական վերանորոգումը, որը վերջնականապես ավարտվեց հայ և մահմեդական անձանց աջակցությամբ: ՀՀ նախագահը նշել է` եթե ադրբեջանցիները վերականգնեն գեթ մեկ եկեղեցի, ապա հարց տվող լրագրողը թող դրա լուսանկարն իրեն ուղարկի։
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Նա, մասնավորապես, ընդգծել է` եթե ցանկանում են համեմատել վերաբերմունքը, կարող են հարց հնչեցնել, թե հանդիպե՞լ են հայերի, որոնք դժգոհում են, որ Իրանի տարածքում հայկական եկեղեցիներ են քանդվել։ «Դուք լսե՞լ եք նման բան: Ո՛չ, ես նույնպես նման բան չեմ լսել: Եվ փաստ է, որ պատմության ընթացքում Իրանում ռեժիմներ, կառավարություններ են փոխվել, բայց Իրանում հայկական համայնքները հիմնականում ծաղկում էին, և Իրանը գումարներ է ծախսել հայկական եկեղեցիների վերանորոգման վրա»,–ասել է Սարգսյանը և որպես օրինակ բերել Թեհրանի կենտրոնում գործող «Արարատ» ակումբը։
Սարգսյանը շեշտել է` եթե որևէ մեկը խոսում է ավերածությունների մասին, թող Իրանի օրինակով այն դիտարկի, ուստի այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնք իսլամական պետություններ են կամ որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ են։
Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը
Սարգսյանին հիշեցրել են, որ երբ նա նկարագրել է` ինչ է կատարվում Սիրիայում և Աֆղանստանում, կամ արտահայտելով այն միտքը, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ներգրավել Ադրբեջանի համար կռվելու նպատակով, մի քանի անգամ օգտագործել է «իսլամական ահաբեկչություն» եզրույթը։
Ղազանչեցոցի վրա հարձակումը հնարավոր է՝ ռազմական հանցագործություն է. Human Rights Watch
ՀՀ նախագահից հետաքրքրվել են, թե իրեն չի՞ մտահոգում, որ այդկերպ ու նման հռետորաբանությամբ կմեծանա ճեղքվածքը Հայաստանի ու մահմեդական աշխարհի միջև։ Ի պատասխան Սարգսյանը նշել է` նույնիսկ Իրանն է ընդունել, որ Սիրիայում կան բազմաթիվ խմբավորումներ, որոնց ոչ միայն ես, այլև ուրիշներն են անվանում իսլամական ահաբեկիչներ:

«Թուրքիան վարձկաններ էր բերել, մարդիկ, որոնք սպանում են հանուն փողի։ Նրանք կարող են լինել քրիստոնյաներ, մահմեդականներ կամ բուդդիստներ կամ որևէ այլ կրոն դավանողներ: Դա նշանակություն չունի, քանի որ այն, ինչ նրանք են անում, սխալ է»,–ասել է նախագահը։

Նա իր խոսքն այս թեմայով ամփոփել է` ասելով, որ ահաբեկիչը մնում է ահաբեկիչ. կապ չունի, թե որ հավատքին է դավանում: