ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են վերանայել հարաբերություններն ու շտկել օրակարգը։ Եվ եթե նախկինում դա մտադրությունների մակարդակով էր և սահմանափակվում էր միայն պաշտոնատար անձանց հայտարարություններով, ապա այժմ գործնական քայլեր են ձեռնարկվում։
Այդ մասին է վկայում նաև նախօրեին Թբիլիսիում կայացած Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։ Ութամյա դադարից հետո նիստը կայացել է երկրորդ անգամ և առաջին անգամ՝ վարչապետների մակարդակով։
Պաշտոնապես Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական դաշնակիցներ չեն, սակայն երկու երկրների կառավարությունների ղեկավարները հստակ հասկացրել են իրենց դիրքորոշումները միմյանց նկատմամբ, այն է ՝ փոխգործակցությունը ընդլայնելու և խորացնելու, դրա մակարդակը հղկելու պատրաստակամությունը։
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեի խոսքով ՝ հայկական պատվիրակության այցը նշանակալի է։ Երկու երկրների վարչապետները «ժամացույցները ստուգելու», ինչպես նաև կողմերին անհանգստացոնղ հարցերի շուրջ «տետ-ա-տետ» պայմանավորվաությունների ձեռք բերելու հերթական հնարավորությունն են ստացել։ Մամրաձեն նշել է, որ միջպետական հարաբերություններում կարևոր դեր են խաղում պետությունների և կառավարությունների ղեկավարների անձնական շփումները:
Նա կարծում է, որ երկու երկրներում էլ ձևավորվել է ըմբռնում՝ տարածաշրջանը փոխվել է, անհրաժեշտ է է՛լ ավելի ակտիվացնել միջպետական շփումները և թարմացնել օրակարգը։
«Այցը և դրա արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները ավելի ու ավելի են կարևորում երկկողմ հարաբերությունները։ Իսկ հիմա դա ավելի կարևոր է, քան երբևէ»,-ասել է Մամրաձեն։
Նա ընդգծել է, որ Վրաստանը չի կարող մասնակցել «3+3» ձևաչափին, ուստի վարչապետների մակարդակով նման հանդիպումները փոխհատուցում են նիստերին Թբիլիսիի բացակայությունը: Բանն այն է, որ ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ձևաչափի օրակարգերում քննարկվում են նույնական հարցեր՝ հաղորդակցության ապաշրջափակում, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացում։
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, վերլուծելով կատարած այցի արդյունքները, նշում է Երևանի և Թբիլիսիի մտադրությունների լրջությունը հարաբերությունների զարգացման հարցում։ Դա հատկապես արդիական է դարձել տարածաշրջանում վերջին իրադարձությունների ֆոնին։ Երկրներում փոխվել է միմյանց նկատմամբ վերաբերմունքը, մեծացել է հարաբերությունների և դրանց ընդլայնման կարևորությունը։
«Երկու երկրներում էլ հասկանում են հենման կետի ձևավորման և միմյանց հետ համագործակցության ակտիվ զարգացման կարևորությունը»,-ասաց Մելիքյանը:
Այս համատեքստում կարևոր դեր է խաղում առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը, օրակարգի վերաձևակերպումը, ինչպես նաև միջանձնային շփումների ամրապնդումը վարչապետների մակարդակով:
«Երկու վարչապետների միջանձնային հարաբերությունները բավականին դրական են, ջերմ, ինչը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ երկու երկրների փոխգործակցության որակի վրա։ Կողմերը հասկանում են, որ համատեղ կարող են պատասխանել տարածաշրջանի մարտահրավերներին»,-նշեց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառությունը մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հավակնոտ մտադրությանը, Մելիքյանը նշեց, որ դա նույնպես երկու երկրների շահերից է բխում: Հայաստանը 2022 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դադարում է ԵՄ GSP+ առևտրային արտոնությունների համակարգի շահառու լինելը։ Վրաստանը Հայաստանին թույլ կտա նվազագույնի հասցնել ռիսկերն այդ համատեքստում, իսկ Երևանը կարող է վրացական արտադրանքի ուղեկցորդը դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 20-ին մասնակցել է առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին: Արդյունքում ստորագրվել է արձանագրություն և գործողությունների ծրագիր հաջորդ տարվա համար։ Հանդիպումը պետք է տեղի ունենար Թբիլիսիում դեռևս 2020 թ․-ին, սակայն հետաձգվել էր համավարակի և Արցախում պատերազմի պատճառով։
Վերջին նիստը ութամյա ընդմիջումից հետո տեղի էր ունեցել 2019 թ․-ին Երևանում։