ՌԴ-ն ու Ֆրանսիան համաձայնեցված կգործեն Ղարաբաղի հարցում. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները գոհունակություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված ջանքերի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։
Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուս-ֆրանսիական ամենաբարձր մակարդակով պարբերական շփումներին համահունչ։
Ռուս խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում. Պուտին
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ նախագահները գոհունակություն են հայտնել իրադրության կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի կապակցությամբ: Նշվում է, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան ինչպես այժմ, այնպես էլ հետագայում մտադիր են համաձայնեցված գործել», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը քննարկել են եվրոպական մայրցամաքում կայունության և անվտանգության ամրապնդման հարցեր։ Այս համատեքստում առաջնահերթ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի նախագծերին, որոնք ուղարկվել են համապատասխան հասցեատերերին, այդ թվում՝ ֆրանսիական կողմին, ապա հրապարակվել են։
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի. Պուտին
Պուտինը տեղեկացրել է այս թեմայով ՌԴ դիվանագիտական աշխատանքների մասին։
Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են նաև ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջացած խնդրահարույց իրավիճակը, որը պայմանավորված է Կիևի կողմից Մինսկի պայմանավորվածությունները չկատարելով։
Բացի այդ, Պուտինը ուշադրություն է դարձրել այն սահմանափակումներին, որոնց Ֆրանսիայում շարունակում է ենթարկվել Russia Today լրատվական ալիքը։ Նա հույս է հայտնել, որ ալիքին կտրամադրվեն առանց խտրականության աշխատելու նույն հնարավորությունները, որ Ռուսաստանում ունեն ֆրանսիական լրատվամիջոցները։