ՔՊ–ն հնարավորություն է տալիս «Հայաստանին». Ղազինյանի «տեղը» մնում է թափուր

Անդրանիկ Քոչարյան
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել ընդդիմության հրաժարված պաշտոնի համար։ Հանձնաժողովի արտահերթ նիստում այդ մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Որպես բարի կամքի դրսևորում` մենք ասել էինք, որ «Հայաստանը» կարող է խորհրդատվություն իրականացնել ՔՊ–ի ղեկավարության հետ, և մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղի համար թեկնածուի քննարկում կազմակերպել։ Քանի որ այդ առաջարկն առկախված մնաց, այսօր ևս մեկ անգամ հիշեցնում եմ` «Հայաստանը» չի ներկայացրել մեր խմբակցությունից թեկնածուի, որպեսզի նորից հնարավորություն տանք կոնսենսուսի գալ ՔՊ–ի հետ։ Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ եթե դա տեղի չունենա, հանձնաժողովի հաջորդ արտահերթ նիստում ՔՊ–ն արդեն իր թեկնածուին կներկայացնի։
Հիշեցնենք` ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի` հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Հայաստանին»։
Ընդդիմությունը Ղազինյանի թեկնածությունը չփոխեց. ՔՊ–ն պատրաստվում է վերցնել այդ պաշտոնը
Նույն օրենքի 138 հոդվածը, սակայն, նախատեսում է, որ եթե խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը, տվյալ դեպքում` «Քաղաքացիական պայմանագրին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստում` դեկտեմբերի 14-ին` նշելով, որ ՔՊ–ն այդ օրը թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։
Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու ու այդ օրվանից հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում։
Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների անդամներն այսօր էլ հանձնաժողովի նիստին ներկա չէին։
Եթե պետք լինի, օրենքը կփոխենք. Փաշինյանն ասել է` ինչու չի ստեղծվել քննիչ հանձնաժողովը