ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք օժանդակ տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների: Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:
Հյուրերը ներկայացրել են տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող իրենց ընկերությունների աշխատանքը, մասնավորապես` տարբեր երկրներում գրանցած օրթեզավորման և պրոթեզավորման ծառայությունների հաջողությունները, անդրադարձել առողջապահական ոլորտում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության զարգացման առաջարկներին:
«Սերտ համագործակցությունը հնարավորություն կտա խորացնելու հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նոր տեխնոլոգիաների և նոր գաղափարների շուրջ, որոնք նախադրյալներ կստեղծեն առաջիկայում առողջապահական համակարգում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- նշել է Ավանեսյանը:
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ավելի մանրամասն քննարկել նոր տեխնոլոգիաների կիրառմամբ համագործակցության շրջանակը։
Կիրականացվեն նաև փոխայցեր, որոնք կխթանեն առողջապահական համակարգի գործունեության բարելավման ու արդյունավետության բարձրացումը: