Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Էմանուել Մակրոնն ու Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը լիահույս է, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Արժևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խորացման գործում: Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը և մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն առկա փոխգործակցությունն առավել ընդլայնելու կարևոր ներուժ ունեն։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը»,– նշել է ՀՀ նախագահը։

Սարգսյանի խոսքով` Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը և մասնավորապես Մակրոնի անձնական ներգրավվածությունը:
«Առանձնահատուկ գնահատականի է արժանի Ֆրանսիայի ուշադրությունը հայ ռազմագերիների, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև արցախահայությանն ուղղված կարևոր օգնության տրամադրման հարցերին»,– եզրափակել է ՀՀ նախագահը:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր դառնում է 44 տարեկան։
Ավելի վաղ նրան շնորհավորական ուղերձ էր հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։