Դատախազը մերժել է Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Աշոտ Մինասյան
Փաստաբանի պնդմամբ` Աշոտ Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Դատախազը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը ։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Դատախազը, չունենալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, այսինքն չունենալով կալանավորման հիմքերը` արձանագրել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման։ Որոշման մեջ նշված է, որ մեղադրյալ Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշումը կայացնելուց հետո փաստական հանգամանքների էական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,– Facebook-ի իր էջում գրել է Պողոսյանը։

Փաստաբանը խնդրել է դատախազությանը ապացուցել` եթե չունեն կալանավորման հիմքերը, ինչպես են արձանագրում, որ դրանք չեն փոխվել։
Նրա խոսքով` Մինասյանը կալանավորվել ու շարունակում է կալանավորված մնալ քաղաքական իշխանության քմահաճույքով, իսկ գլխավոր դատախազության միակ գործառույթը տվյալ քմահաճույքն ի կատար ածելն է։
Հիշեցնենք` Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը։ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն էին ներկայացրել Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈւ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ անձնական երաշխավորությամբ հանդես գալու պատրաստակամություն էին հայտնել։