Արմեն Գևորգյանը պետք է Ստրասբուրգ մեկնի. միջնորդություն ներկայացվեց դատարան

Արմեն Գևորգյան
Քոչարյանի և Գևորգյանի դեմ հարուցված քրգործով նիստի ժամանակ Գևորգյանը հայտարարեց, որ նախորդ ԵԽԽՎ նիստը բաց թողնելու հետևանքով որպես ընդդիմության ներկայացուցիչ` իր պարտականությունները տապալվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստի ժամանակ այսօր դատարան ներկայացվեց միջնորդություն, որպեսզի թույլտվություն տան Գևորգյանին ժամանակավորապես մեկնել երկրից։
Դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չտվեց մեկնել Մոսկվա․ նիստը հետաձգվեց
Նշենք, որ նիստն ընթանում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` Աննա Դանիկեբյանի նախագահությամբ։ Նիստին ներկա են ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը։
Գևորգյանին ժամանակավորապես երկրից հեռանալու թույլտվություն տալու միջնորդությունը ներկայացրեց վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը` ասելով, որ իր պաշտպանյալը պետք է ԵԽԽՎ նիստին մասնակցի։

«Հունվարի 24-28-ը Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հերթական նիստը պետք է տեղի ունենա, Գևորգյանը պետք է մասնակցի դրան։ Հարցն այն է, որ դեկտեմբերի 14-ին նշանակված նիստն էլ խնդրել էինք հետաձգել, քանի որ Գևորգյանն առցանց պետք է մասնակցեր ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին։ Սակայն դատական նիստը չհետաձգվեց»,–ասաց Սահակյանը։

Արմեն Գևորգյանն իր հերթին նշեց, որ նախորդ ԵԽԽՎ նիստը բաց թողնելու հետևանքով որպես ընդդիմության ներկայացուցիչ` իր պարտականությունները տապալվել են։
Քրեական գործով դատախազներն առարկեցին միջնորդությունը` ասելով, որ այն հիմնավոր չէ։ Ի վերջո դատավորը հայտարարեց` քանի որ դատարան չի ներկայացվել ամբողջական տեղեկատվություն Գևորգյանի` ՀՀ–ից մեկնելու հստակ ժամանակահատվածի առնչությամբ, ինչպես նաև ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը, ուստի միջնորդության քննությունը հետաձգվում է։
Այն կքննարկվի` երբ դատարան կներկայացվեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
«Ձեզ նվեր արեք և ընդունեք միջնորդությունը». Արմեն Գևորգյանի փաստաբանը` Աննա Դանիբեկյանին
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։