ՀՀ մայր օրենքը` գործող սահմանադրությունը, բազմաթիվ խութեր ունի, որոնք պետք է շտկել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Այվազյանը հիմնական բացթողումներից է համարում, օրինակ, այն, որ ՀՀ սահմանադրությունը չի սաhմանում, թե կոնկրետ ովքեր կամ որ պաշտոնատար անձինք են պատասխանատու 2020 թվականի 44-օրյա պատերազմում մեր պարտության համար։ Նաև դա է պատճառը, որ սահմանադրագետը դրական է գնահատում մայր օրենքի փոփոխության նպատակով սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու` ՀՀ վարչապետի որոշումը։
«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր սահմանադրություն։ Փոփոխությունները նվազագույնն են, որ մեզ անհրաժեշտ են, առավելագույնը նոր սահմանադրություն է մեզ պետք։ Չգիտեմ` իշխանությունները կգնա՞ն այդ քայլին, որ լրիվ նոր սահմանադրություն գրվի` նոր որակական հատկանիշներով, թե՞ կսահմանափակվեն եղածը բարեփոխելով»,- ասաց նա։
Սահմանադրագետի տեղեկություններով` այս պահին ՀՀ կառավարման համակարգի փոփոխության հարց չի քննարկվում։ Ասում է` պետք է ուշադրություն դարձնել ոչ այնքան կառավարման մոդելի փոփոխության, որքան ճիշտ և գրագետ ձևակերպումների վրա, որ յուրաքանչյուր պետական կառույց իր գործառույթը և այդ գործառույթի իրականացման համար լիազորությունների հստակ շրջանակն ունենա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարվում է, փոխարենը սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ստեղծվում:
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի: