Ռուս սակրավորները վնասազերծել են Արցախի Մարտունու շրջանում հայտնաբերված զինամթերքը

Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ամբողջ ընթացքում չպայթած զինամթերքից ականազերծման մարդասիրական ստորաբաժանումը մաքրել է ընդհանուր առմամբ 2 326,6 հա տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են ԼՂ Մարտունու շրջանում հայտնաբերած զինամթերքը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Մեկ օրվա ընթացքում սակրավորները ոչնչացրել են Մարտունու շրջանում հայտնաբերած ինքնաշեն հակատանկային նռնականետի 8 զինամթերք։

«Մարտունու շրջանի բնակչից ահազանգ է ստացվել պայթյունավտանգ առարկա հայտնաբերելու մասին։ Դեպքի վայր հասնելուն պես հայտնաբերվել է ինքնաշեն հակատանկային նռնականետի (РПГ-7) 8 կրակոց։ Իրավիճակը գնահատելուց հետո որոշվել է տեղում ոչնչացնել զինամթերքը», – պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ավելի քան 10 զինծառայող։ Կիրառվել են ИМП-С2 ականորսիչներ և «Կորշուն» ոչ կոնտակտային շարժական որոնիչներ։
Ավելի քան 400 մեքենայի անվտանգ երթևեկն ապահովել են Արցախում տեղակայված խաղաղապահները
Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ամբողջ ընթացքում չպայթած զինամթերքից ականազերծման մարդասիրական ստորաբաժանումը մաքրել է ընդհանուր առմամբ 2 326,6 հա տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շենք, այդ թվում 34 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 26088 պայթյունավտանգ առարկա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: