ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն և «Ռոսիա 1» հեուստաալիքով հեռարձակվող «Շաբաթվա լուրեր» («Вести недели») հաղորդման վարող Դմիտրի Կիսելյովը Արևմուտքի երկրներին կոչ է արել Ուկրաինայի հարցում զգուշանալ կարիբյան ճգնաժամի կրկնությունից և հաշվի առնել, որ Ռուսաստանը 100 տոկոսով պատրաստ է ուժ կիրառել, եթե Արևմուտքը հատի կարմիր գծերը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Կիսելյովն այդ մասին ասել է BBC–ին տված հարցազրույցում։
«Եթե խոսք լինի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու կամ Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացման մասին, ապա մենք մեր ատրճանակի փողը դեմ կտանք ԱՄՆ-ի ճակատին։ Մենք ռազմատեխնիկական հնարավորություն ունենք, Ռուսաստանի զենքը լավագույնն է աշխարհում, գերձայնային․․․ նույն թռիչքային ժամանակով, ինչպիսին կունենա ամերիկյան կամ բրիտանական զենքը՝ Ուկրաինայի տարածքից մինչև Մոսկվա, մինչև Ռուսաստանի տարածք։ Դա կարիբյան ճգնաժամի իրավիճակը կլինի, բայց արդեն թռիչքային այլ ժամանակով»,-ասել է Կիսելյովը։
Ռուսաստանն ավելի վաղ հրապարակել էր ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի համաձայնագրի նախագծերը, որոնցում մասնավորապես ներառված են դրույթներ Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք հետագա ընդլայնումից (այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին) հրաժարվելու մասին: Փաստաթղթերն արդեն փոխանցվել են Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին։ Նախագծի կետերից մեկն առաջարկում է, որ ՆԱՏՕ-ն երաշխիքներ տրամադրի այն մասին, որ դաշինքը չի ընդլայնվելու Ուկրաինայի տարածքում։
«Երկրների բախտը բերել է կամ չի բերել, որ նրանք Ռուսաստանի կողքին են, սակայն այդպիսին է պատմական իրականությունը, նրանք ոչ մի տեղ չեն տեղափոխվելու․․․ նույն կերպ մենք կարող ենք ասել՝ Մեքսիկայի բախտը բերել է կամ չի բերել, որ ԱՄՆ-ի կողքին է․․․ բայց ամեն դեպքում լավ կլիներ` ներդաշնակեցվեին շահերը և Ռուսաստանին չդնեին այն դրության մեջ, երբ թռիչքային ժամանակը նրա համար չորս րոպե է»,-հայտարարել է Կիսելյովը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը բանակցություններ էին վարել: Պուտինը ԱՄՆ ղեկավարին ասել էր, որ «կարմիր գծերի» թվում ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումն է դեպի արևելք և Ուկրաինայում հարձակողական սպառազինությունների տեղակայումը: