Իրանի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարը հաղթել է «Wiki Loves Monuments-2020» մրցույթում

Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սոհրոլ գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին երկրի «must see» վայրերի ցանկում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Օրերս Facebook սոցիալական ցանցի IranTourism էջում հայտնվել է Արևելյան Ատրպատականի Հայ Կաթողիկե եկեղեցու հայտնի լուսանկարը։
Խոսքը V-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին է։
«Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սոհրեկեհ (Սահրոլ) վանք, կառուցվել է մոտավորապես 5-րդ դարում։ Այն 1968 թվականին ընդգրկվել է ազգային ժառանգության ցանկում», - նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի աշխատակից Արմինա Սարգսյանը հայտնեց, որ Սոհրոլ գյուղի եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, այդ թվում` երկրաշարժերի հետևանքով ավերվածությունից հետո:
Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան
1840 թվականին հայկական եկեղեցին վերանորոգվել է ռուս գեներալ Սամսոն Մակինցևի կողմից (հայտնի է նաև Սամսոն-Խան անունով)։ Նիժնի Նովգորոդի դրագունյան գնդի նախկին վախմիստր, պարսկական բանակի գեներալ Սամսոն-Խանը Իրանում ծառայության է անցել Քաջարների դինաստիայի օրոք:

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը, որն արել է Ֆարզին Իզադուստ Դարը, հաղթել է «Wiki Loves Monuments-2020» հեղինակավոր լուսանկարչական մրցույթում: Վանքը լուսանկարվել է ձնաբքի հաջորդ օրը։ Ժյուրիի անդամներից մեկին հիացրել է սպիտակ ձյան ֆոնին պատկերված եկեղեցին, այն կարծես սավառնում է «գրավիտացիոն դաշտում»։

Տասնմեկերորդ ամենամյա «Wiki Loves Monuments» ֆոտոմրցույթում ավելի քան 230 հազար հայտերից ընտրվել է 15-ը։ Հայտեր էին ուղարկել գրեթե 7700 մասնակից Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:
Ճարտարապետական եզակի ձուլվածք. Tehran Times–ը` Սպահանի հայկական վանքի մասին
«Wiki Loves Monuments»-ը («Վիքին սիրում է հուշարձանները») ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ է, որն անցկացնում են վիքիպեդիստները։ Մասնակիցները լուսանկարում են պատմական կառույցներն ու տեսարժան վայրերը և հրապարակում են լուսանկարները Վիքիպահեստում։ Ֆոտոմրցույթի նպատակը մասնակից երկրների ճարտարապետական ժառանգության վրա ուշադրություն հրավիրելն է։ Առաջին անգամ «Wiki Loves Monuments»-ը անցկացվել 2010 թվականին Նիդեռլանդներում։